ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վահան Էդուարդի Հովհաննիսյանի կենսագրությունը

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականին Երևանում, Էդուարդ Հովհաննիսյանի ընտանիքում: Վերջինիս վիճակված էր հետագայում դառնալ սովետական ամենահայտնի այլախոհներից մեկը, որը տասնամյակներով պայքարեց հանուն ազատ Հայաստանի: 1972 թվականից նա ապրել է Մյունխենում և «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրության տնօրենն է եղել:

Լինել այլախոհի և ԽՍՀՄ չվերադարձած վտարանդու որդի հեշտ չէր, իսկ անընդհատ հսկողությունը` նյարդայնացնող, բայց դա չէր շեղում Վահան Հովհաննիսյանին իր առջև դրված նպատակից` դառնալ պատմաբան և փորձել հասկանալ, թե ինչու իր ժողովրդի և երկրի վիճակը այդքան հեռու է երազածից:
Դեռևս հոր պապից եկած և Մոսկվայում ապրած քեռու ջանքերով չմարած ընտանեկան ավանդույթի ազդեցության ներքո պրոլետարիատի դիկտատուրայի, բոլշևիկյան այլ գաղափարների և նախաձեռնությունների հանդեպ ձևավորված խորը նողկանքը, սովետական իրականության նկատմամբ հեգնական վերաբերմունքը Վահանի և իր ընկերների համար իսկական դեղամիջոց դարձան բրեժնևյան ԽՍՀՄ կոչվող աբսուրդի դեմ:

Վահանի շրջապատում տարբեր մարդիկ էին, կային հայեր և ռուսներ, հրեաներ և հույներ, բայց «սովետական մարդիկ» չկային: Թեև պետք է խոստովանել. այդ անհեթեթ Սովետական Միությունը հրաշալի կրթություն էր տալիս ցանկացողներին` և՜ հայերին, և՜ ռուսներին, և՜ հրեաներին, և՜ հույներին, և՜ նույնիսկ այլախոհների զավակներին: Իհարկե, պետք էր իսկական գիտելիքը զատել մարքսիստական կեղևից, բայց դա արդեն անձնական ընդունակությունների հարց էր:

1973 թվականին Երևանի թիվ 55 դպրոցը ավարտելուց հետո, կիսատ թողնելով ուսումը Բրյուսովի ինստիտուտում, Վահան Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա և 1978 թվականին այնտեղ ավարտեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը (բնականաբար Լենինի անվան, հապա էլ ու՟մ): Ավարտելուց հետո նշանակվեց աշխատանքի Հարավային Սիբիրում գտնվող Երոֆեյ Պավլովիչ մահացու անունով մի քաղաք:

Բայց Վահան Հովհաննիսյանը գերադասեց վերադառնալ հայրենիք և աշխատել գյուղում որպես ուսուցիչ: Նա պատրաստ էր դասավանդել ամեն ինչ` պատմություն, գրականություն, ռուսերեն, գերմաներեն: Սակայն, հայրենիքը, ի դեմս այն ժամանակվա Կրթության նախարարության, անհարմար զգալով ուղիղ մերժել վտարանդու որդուն, պատասխանեց, որ նա ՌՍԴՀ կադր է և պետք է աշխատի հենց Ռուսաստանում:

Վահան Հովհաննիսյանը երկընտրանքի առջև էր` կա՜մ Երոֆեյ Պավլովիչ, կա՜մ Սովետական Զինված Ուժեր: Նա ընտրեց բանակը: 1978-1980 թթ. նա ծառայել է 5-րդ գրոհային բանակի 52-րդ գվարդիական գնդի հատուկ գումարտակում` չինական սահմանի վրա: Ավագ սերժանտ էր, ջոկի հրամանատար: Սովորեցրին զրահամեքենա վարել, կրակել այն ամենից, ինչ կրակում է և հարստացրին ռուսական հայհոյանքների բառապաշարը, որն առանց այդ էլ նախանձելի մակարդակի վրա էր:

Գումարտակի քաղղեկ-սպան ուզում էր զոռով մտցնել Վահան Հովհաննիսյանին Կոմկուսի շարքերը, բայց նրան հաջողվեց խույս տալ` դիմելով իրեն Վիետնամ ուղարկելու համար` վիետնամական ժողովրդի հեղափոխական նվաճումները չինական հեգեմոնիստներից պաշտպանելու նպատակով:

Հիշում եք, 1979 թվականին Չինաստանը փորձ կատարեց Վիետնամը վրաերթի ենթարկելու, բայց ապարդյուն: Քաղղեկների հետ վիճաբանություններն անհետ չանցան. Աստված ազատեց թե՜ Կոմկուսից, թե՜ Վիետնամից, բայց հաուպտվախտա (զինվորական կալանատուն) Վահան Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, ընկավ և այդպես սկսվեց նրա ծանոթությունը սովետական բանտային համակարգի հետ:

1980 թվականին զինծառայությունը ավարտելուց և Երևան վերադառնալուց հետո վերջապես կարելի էր սկսել աշխատանքը սիրած մասնագիտությամբ: Բայց այն օրերի համալսարանական ղեկավարները Վահանին ետ վանեցին Հայաստանի միջնադարյան պատմությունից: Ոչ ոք չէր ուզում դառնալ նրա գիտական ղեկավարը, քանի որ պատմական գիտությունը համարվում էր «նոմենկլատուրային» և ինքնուրույն շարժումներ կատարելու ունակությունից զրկված: Մարքսիզմ-լենինիզմի և դիալեկտիկական մատերիալիզմի հիմքերի վրա ամուր կանգնած հայ պատմաբանները (շատերն այդ դիրքերի վրա էլ մնացել են) զգուշանում էին «դավաճանի և ժողովրդի թշնամու» որդուն ասպիրանտի կամ հայցորդի տեղ տալուց: «Դու լավ կանես հնագիտությամբ զբաղվես, այնտեղ գոնե դասակարգային պայքար չկա»,- խորհուրդ տվեցին նրան: Եվ Վահան Հովհաննիսյանը գնաց հնագիտության ոլորտ: Պարզվեց, որ դա հիասքանչ գիտություն է, որին հավասարը չկա պատմագիտության ողջ համակարգի մեջ: Թե՜ ուսուցիչները, թե՜ ղեկավարները, և թե՜ կոլեգաները հրաշալի գիտնականներ էին և պարկեշտ մարդիկ:

«Էրեբունի» թանգարանում Վ. Հովհաննիսյանը աշխատում էր 1980 թվականից, սկզբում` որպես գիտաշխատող, հետո` գիտահետազոտական բաժնի վարիչ, իսկ 1989 թվականից տեղափոխվեց Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Տարբեր հնագիտական արշավախմբերի կազմում Վ. Հովհաննիսյանը պեղումների է մասնակցել Հայաստանի տարածքով մեկ. այդ պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզի և վաղ երկաթի դարի շատ արժեքավոր նյութեր:

Բայց ամենից աչքի ընկնող գյուտերը պեղվեցին Քարաշամբում, ուր աշխատում էր Վահան Հովհաննիսյանի ղեկավարած արշավախումբը: Մեր թվարկությունից առաջ XXIII դարի դամբարանում հայտնաբերվեցին անգնահատելի գիտական և նյութական արժեք ներկայացնող գտածոներ (տե՜ս լուսանկարը): Դրանց թվում է հռչակավոր արծաթե գավաթը, որի վրա պատկերված դիցաբանական սյուժեն մշակութաբանորեն կապում է գավաթի ստեղծողներին մեր երկրի հնագույն հնդեվրոպական բնակչության` հայերի նախնիների հետ: Այս ցուցանմուշներն այսօր Հայաստանի պատմության թանգարանի հպարտությունն են հանդիսանում:

Գտածոներն ու հետազոտությունները հիմք հանդիսացան Վահան Հովհաննիսյանի մի քանի տասնյակ գիտական աշխատությունների և թեկնածուական թեզի համար: Բայց դոկտորական թեզին հերթ չհասավ. վրա հասավ Ղարաբաղյան ազատագրական շարժումը , հետո` պատերազմը, Սովետական Միության փլուզումը և այդքան սպասված, այդքան քաղցր և այդքան դառը անկախ պետականությունը, որը բախտ էր վիճակված կառուցելու մեր ժողովրդին առանց պետական գործիչների, առանց պետական մտածելակերպի, առանց պետական բյուջեի և ազատությանը բացարձակապես անսովոր:

1989 թվականից Վահան Հովհաննիսյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ է: Հայրենիքում կուսակցության պաշտոնական վերահաստատումից հետո 1990 թվականին ընտրվել է Դաշնակցության առաջին Կենտրոնական Կոմիտեի անդամ և գործուղվել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանության կազմակերպմանն ու իրականացմանը, և որտեղ վերջապես պետք եկան 5-րդ գրոհային բանակի զինվորական հրաձգարաններում ձեռք բերված գիտելիքները:

1992 թվականին Վ. Հովհաննիսյանն ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ պարտականությունների մոտավորապես նույն շրջանակով: Սակայն քաղաքական մթնոլորտը Հայաստանում շիկանում էր ՀՀՇական իշխանությունների ամեն մի ապաշնորհ սայթաքումի հետևանքով, և Ղարաբաղյան հարցից զատ Դաշնակցության առջև կանգնում էին նորանոր խնդիրներ:

Կուսակցությունը մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին հաստատուն քայլերով գնում էր դեպի հաղթանակ 1995 թվականի խորհրդարանական ընտրություններում: Դրանից խուսափելու նպատակով իշխանությունները մի շարք կեղծ քաղաքական գործեր մոգոնեցին` քրեական երանգներով, մեղադրեցին Դաշնակցությանը բոլոր տեսակի մահացու մեղքերի մեջ և բանտարկեցին կուսակցության շատ ղեկավարների:

Վ. Հովհաննիսյանը ձերբակալվեց 1995 թվականին, այսպես կոչված «31-ի» գործով, որն այն տարիների մամուլում ընդունված էր անվանել «Վահան Հովհաննիսյան + 30» դատավարություն: Նրան և իր գործակիցներին առաջադրված մեղադրանքները ենթադրում էին երկուական մահապատիժ յուրաքանչյուրին: Բայց գործը փուչիկ դուրս եկավ. թեև նույնիսկ դատախազը չհամարձակվեց 6 տարի ազատազրկումից ավելին պահանջել, բայց անգամ հհշական արդարադատությունը դրանից ամաչեց:

Վահան Հովհաննիսյանին դատապարտեցին քաղբանտարկյալների համար ստանդարտ 4 տարի ազատազրկման «խռովություն հրահրելու համար»: Ամբողջ ժամկետը բանտում անցկացնել չվիճակվեց. գլխավոր մեղադրողը` Դաշնակցության նկատմամբ գենետիկ ատելությամբ լցված Լևոն Տեր-Պետրոսյանը, ժամանակից շուտ լքեց նախագահական պալատը, իսկ դաշնակցականները` իրենց բանտային խցերը: Սակայն նրանք նստած էին այսպես կոչված «փակ ռեժիմի» մեջ, երբ բանտարկության մեկ տարին հավասարվում է մեկ ու կեսի. այդ հաշվարկից ելնելով` Վահան Հովհաննիսյանի ճաղերի ետևում անց կացրած 2 տարի 7 ամիսը գրեթե ճշգրտորեն համապատասխանում են դատավճռի 4 տարիներին:

Գտնվելով կալանքի տակ` Վ. Հովհաննիսյանը 1997 թվականին հեռակա կերպով ընտրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ: 1999 թվականից մինչ օրս հանդիսանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ:

Մնացածը պարզ ժամանակագրություն է` առանց որևէ մեկնաբանությունների և գնահատակնների, քանի որ ամեն ինչ կատարվել է ձեր աչքի առաջ, ինքներդ էլ դատեք:

1998-1999 թվականներին Վ. Հովհաննիսյանը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր, ղեկավարում էր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը:

1999 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր 17-րդ մեծամասնական ընտրատարածքից և դարձել Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ղեկավարել է Հայաստանի ԱԺ առաջին պատվիրակությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում:

2003-ին և 2007-ին դարձյալ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և երկու անգամ էլ դարձել Ազգային Ժողովի փոխնախագահ: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թվականը: Այդ ժամանակահատվածում ղեկավարել է Հայաստանի Աժ պատվիրակությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, հանդիսացել Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովների համանախագահ:

2008 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին` որպես ՀՅԴ թեկնածու: Պարտությունից հետո հրաժարական է տվել խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից:

2008 թվականից Ազգային Ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավարն է: Ղեկավարում է Հայաստանի առաջին պատվիրակությունը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում` հանդիսանալով Եվրանեսթի Բյուրոյի անդամ:

Ամուսնացած է 1984 թվականից, ունի երկու զավակ և մեկ թոռ: