Այսօր 100 տոկոս համամասնական ընտրակարգին նվիրված համաժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով իշխանական թեւից հնչող ելույթներին, նշեց, թե իր մոտ տպավորություն է, որ իշխանությունը փորձում է տիտանական աշխատանք կատարել, անել անկարելին` արդար ընտրություններ անցկացնելու համար:
«Բայց այդպես տանջվել պետք չէ: Առանձնապես այդպիսի ծանր բեռ վերցնել չարժե, ուղղակի պետք է ժամանակին ընտրական կոդեքսի մեջ ընդունել ընդդիմության առաջարկությունները, որոնք, իմիջիայլոց, ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ընդդիմության կողմից են, ինչի վկայությունն այսօրվա դահլիճն է»,- ասաց նա:
Անդրադառնալով հակափաստարկներին, թե, օրինակ, Ռուսաստանում ընդունել են հարյուր տոկոսանոց համամասնականը եւ հիմա փոշմանել, իսկ հաջորդ ընտրություններին դա կփոխվի, Վահան Հովհաննիսյանն արձագանքեց. «Մեծ տարածքով եւ մեծ բնակչությամբ երկրների համար հարյուր տոկոսանոց համամասնականն առաջացնում է մեկ խնդիր. համամասնականով ընտրվածները հեռու են ընտրողից, ընտրողի հետ հարաբերություններ չկան եւ արդյունավետ չեն: Հայաստանը փոքր երկիր է, եւ այդ փաստարկը մեզ մոտ չի աշխատում, քանի որ դժվար չէ տարածքային առումով կապը պահպանել ընտրողի հետ: Հետևաբար այդ խնդիրը չի կարող խոչընդոտ դառնալ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու ճանապարհին»:









